Սպարկերտի գավառակ
Գավառակ | |
---|---|
Սպարկերտ | |
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան |
Երկրամաս | Բիթլիսի վիլայեթ |
Գավառ | Բիթլիսի գավառ |
Այլ անվանումներ | Իսբայիրդ, Իսպերդ, Իսպերթ, Իսփայիրդ, Սպաերտ, Սպակերտ, Սպայկերտ, Սպապերտ, Սպարգետ, Սպարգերտ |
Պաշտոնական լեզու | Հայերեն |
Բնակչություն | 4 000[1] մարդ (XIX դարավերջ) |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)[1] |
Տեղաբնականուն | սպարկերտցի |
Ժամային գոտի | UTC+3 |
Սպարկերտ, գավառակ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Բիթլիսի գավառում, Մոկս գետի ստորին հոսանքի շրջանում։
Համապատասխանել է պատմական Մոկք աշխարհի Իշայր գավառին։ Առաջին անգամ Սպարկերտ ձևով հիշատակվել է XIV դարում։
Անվան ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության Բարդուղեմեոս առաքյալը այստեղ է բերել սուրբ Աստվածամոր պատկերը, որի պատճառով տարածքը կոչվել է Սուրբ Պատկեր և այն հնչյունափոխվելով դարձել է Սպարկերտ։
Ըստ մեկ այլ ավանդապատումի Հիսուս Քրիստոսը հասել է այստեղ և իր պատկերն ուղարկել է մոտակա շրջան։ Դրա պատճառով տարածքը կոչվել է Պատկերք, իսկ ապա Սպարկերտ։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարկերտն ունի խիստ լեռնային և անտառապատ ռելիեֆ։ Մշակելի հողերը քիչ են։ Համապասխանպւմ է Ազնվաց ձոր, Գյոզալդարա, Գոզան դարա, դաշտին (հովիտ, ձորահովիտ), գտնվում է Վանա լճից հարավ–արևմուտք, Բիթլիս քաղաքից հյուսիս-արևելք։ Չորս կողմիից շրջապատված է Հայկական Տավրոսի լեռնահամակարգին պատկանող լեռներով։ Ունի արգավանդ հողեր[2]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1555 թվականին Ամասիայի պայմանագրով Սպարկերտն անցել է Օսմանյան կայսրությանը՝ մինչև XIX դարի կեսը համարվելով Վանի վիլայեթի գավառներից մեկը։
XIX դարի 80-ական թթ., որպես գյուղախումբ, միացվել է Բիթլիսի նահանգի Խիզանի գավառակին։ Աղթամարի կաթողիկոսության թեմերից էր։
Սպարկերտը Արևմտյան Հայաստանի առավել հայաշատ գավառներից է եղել։ XIII-XIV դարերում, չնայած որ Սպարկերտում հաստատվել էին քրդեր, հայերը կազմել են գավառի բնակչության ճնշող մեծամասնությունը։
1877-1878 թ թվականին շեյխ Ջալալեդդինը, իսկ 1895 թվականին համիդեական հրոսակները Սպարկերտում կազմակերպել են ջարդեր, որոնց զոհ են դարձել շատ հայեր, իսկ ոմանք հարկադրաբար գաղթել են այլ վայրեր։
XX դարի սկզբին Սպարկերտում բնակվել է 4 000 - 4 500 հայ[3]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին Սպարկերտի գավառակն ուներ 4 000 բնակիչ, որոնց ճնշող մեծամասնությունը հայեր էին[1]։
Հայ բնակչության մեծ մասը թուրքերի ձեռքով կոտորվել է 1915 թվականի Մեծ եղեռնի ժամանակ։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են Արևելյան Հայաստանում։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակիչները հիմնականում զբաղվել են անասնապահությամբ և շալագործությամբ, մասամբ՝ այգեգործությամբ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]XIX դարի վերջին ուներ 29-30 գյուղ։ Գլխավոր գյուղերն էին Բաստը և Մեծ Հյուրաքը։ Սպարկերտի խոշոր գյուղերից էին նաև Կոտենցը, Ճաժվանը և Տվաղուսը[1]։
Հայկական հուշարձաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպարկերտի տարածքում նշանավոր վանքերից էին Բազենից (Բազմենից), Սբ. Աստվածածին, Գեղիսի, Սբ. Կիրակոս, Շիրինից Սբ. Գևորգ (Սբ. Սկավառակ), Սորվա, Սբ. Աստվածածին (Նզար) վանքերը[3]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 4, էջ 673
- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 49 — 992 էջ։
- ↑ 3,0 3,1 «ՍՊԱՐԿԵՏ. գավառ». Վերցված է 2014 Հունվար 30-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
|
|